ԱԹՍ-ների տասնյակ տեսակներ. Բելոուսովը բարձր է գնահատել մշակումների արագացված ներդրումը

Մոսկվայի մարզում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տեխնիկական խորհրդի և Ժողովրդական ճակատի եզրափակիչ նիստը. ամփոփվել են 2024 թվականի ժողովրդական պաշտպանական-արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) աշխատանքի արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բարձր է գնահատել ժողովրդական պաշտպանական արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) մշակումների արագացված ներդրման մեխանիզմը, որի ուժերով ապրիլից զորքերին են մատակարարվել ավելի քան 65 տեսակի անօդաչու թռչող սարքեր և ռոբոտատեխնիկա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Մոսկվայի մարզում կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տեխնիկական խորհրդի և Ժողովրդական ճակատի ամփոփիչ նիստը, ամփոփվել են 2024 թվականի ժողովրդական ՊԱՀ-ի աշխատանքների արդյունքները։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում լայնորեն զարգացել են օդային, ցամաքային և ծովային բազավորման անօդաչու համակարգերը։ Առաջին հերթին դրանք մարտավարական օղակում օգտագործվում են որպես պայքարի և ցանցային տեղեկատվության փոխանակման միջոց՝ հետախուզական, հարվածային և տրանսպորտային խնդիրներ լուծելու համար», - ասել է Բելոուսովը։
Նրա խոսքով՝ ժամանակակից զինված պայքարում նման միջոցների դերն այնքան բարձր է, որ որոշում է կայացվել զինված ուժերում առանձին զորատեսակ՝ անօդաչու համակարգերի զորքեր ձևավորելու մասին:
«Ավանդական սխեմայի շրջանակներում, որը նախատեսում է մշակման, փորձարկման և արտադրության մեջ դնելու երկարատև, խիստ կանոնակարգված գործընթաց, չափազանց դժվար է զորքերին ապահովել այդ միջոցներով։ Այդ պատճառով դրանց, առաջին հերթին՝ FPV–դրոնների զարգացումն իրականացվում է կամավորների, բարերարների, ժողովրդական ՊԱՀ-ի և պաշտպանության նախարարության ջանքերը միավորող նախագծերի շրջանակներում», - ընդգծել է Բելոուսովը։
Անհրաժեշտ է սպառնալիքներին հավաքական արձագանքման մեխանիզմների ստեղծումը. Բելոուսով
Նշված աշխատանքները համակարգում է ժողովրդական ՊԱՀ-ի տեխնիկական խորհուրդը, որի՝ ապրիլից առայսօր իրականացրած գործունեության արդյունքներով՝ զորքերին մատակարարվել է ավելի քան 65 տեսակի արտադրանք՝ 31 տեսակի ԱԹՍ-ներ (այդ թվում՝ 3 տեսակի հետախուզական), 8 տեսակի ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրներ, ռադիոէլեկտրոնային հետախուզության 2 տեսակի միջոցներ, 20 տեսակի ՌԷՊ համակարգեր, 4 տեսակի անանձնակազմ մոտորանավակներ։
«Տեխնիկական խորհրդի աշխատանքի շնորհիվ ձևավորվել են մոտ 30 բարձր տեխնոլոգիական անկախ թիմեր, որոնք կարող են սերիական արտադրանք թողարկել և լուծել պաշտպանության նախարարության կողմից առաջադրված հեռանկարային խնդիրները», – ասել է Բելոուսովը:
Ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱԹՍ-ների և FPV-դրոնների քաղաքացիական շատ արտադրողներ բազմապատկել են ծավալները՝ հասցնելով ամսական մինչև 40 հազար արտադրանք, ՌԷՊ և ՌԷՀ համակարգերի գծով՝ ամսական մինչև 5 հազար: Ընդհանուր առմամբ, գնվել է փոքր կոնստրուկտորական բյուրոների և քաղաքացիական արտադրողների ավելի քան 100 հազար արտադրանք։
Տեխնիկական խորհրդի 2024 թվականի աշխատանքի արդյունքների հիման վրա Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներին և նախաձեռնողականություն ցուցաբերած աշխատակիցներին հանձնվել են շնորհակալագրեր և գերատեսչական պարգևներ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ ի կատարումն Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականի՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի զինված ուժերում կձևավորվեն նոր զորատեսակներ՝ անօդաչու համակարգերի զորքեր: