ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Դատարանն անօրինական է համարել հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։ Տեղեկությունը հայտնում է տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով ՀՀ վարչապետի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին հսկող դատախազի որոշման դեմ իմ կողմից ներկայացված բողոքը՝ այդ որոշումը համարելով անօրինական»,– գրել է պաշտպանը ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ դատարանը վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցրել է նոր քննությամբ վերացնել տուժողի իրավունքների խախտումը։
Հիշեցնենք` 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։
Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։