Ալավերդիի Սանահին թաղամասի 25 ընտանիքի բնակարան գնելու գումարը կկրկնապատկվի

Ալավերդին հեղեղումներից հետո
Ծրագրի իրականացման համար 2024 թ. պետական բյուջեից լրացուցիչ 150 մլն դրամ է հատկացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հեղեղումներից տուժած Ալավերդիի Սանահին թաղամասի 25 ընտանիքի բնակարան գնելու գումարը զգալի կավելանա։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր ընտանիքի համար ՀՀ կառավարությունը որպես փոխհատուցում այս պահի շուկայական արժեքով 1 քմ–ի համար նախատեսել է 63 400 դրամ։ Մինչդեռ տեղում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել։ Այդ պատճառով կառավարությունը փոխել է գումարի չափը և սահմանել 1 քմ–ի համար 148 050 դրամ։
«Այս 25 ընտանիքը Ալավերդիի Սանահին թաղամասում մեկ վթարային շենքի և մի քանի անհատական տների բնակիչներ են։ Քանի որ մինչ այս պահը չեն կարողացել համարժեք բնակարաններ գնել, նրանք չեն դարձել փոխհատուցման ծրագրի շահառու»,– ավելացրեց Խուդաթյանը։
Նա նշեց, որ փոխհատուցում ստանալու դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թ. մարտի 1–ն է։
Ծրագրի իրականացման համար 2024 թ. պետական բյուջեից լրացուցիչ 150 մլն դրամ է հատկացվել։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի հայտարարվեցին։