Հովիկ Աղազարյանին առնչվող հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Հովիկ Աղազարյան
Մինչ նախկին ՔՊ–ականը փորձում է պարզել, թե իր հեռախոսի պարունակությունն ինչպես է հայտնվել Փաշինյանի մոտ, Հակակաոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնում պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։
ՀՀ դատախազությունը դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էր որ արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։
«ՀՀ դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցանքի հատկանիշները. խմբ.)»,– հայտնեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։