Հայաստանը ողջունում է Սիրիայի հարցով կոնտակտային խմբի հայտարարությունը․ ԱԳՆ

ԱԳՆ
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ Սիրիայում կայունության և խաղաղության հասնելու միակ ուղին հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է Սիրիայի հարցով կոնտակտային խմբի հայտարարությունը: Այս մասին հայտարարել է գերատեսչությունը X-ում։
«Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և նրա շուրջ իրադարձությունների զարգացմանը և ողջունում է համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է կոնտակտային խմբի՝ Աքաբայում անցկացված համատեղ նախարարական հանդիպման շրջանակում», - նշվում է տեքստում:
Ընդգծվում է, որ այս կարևոր և վճռորոշ պահին Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Սիրիայի ժողովրդին։
«Մենք կողմ ենք քաղաքական անցման ներառական և խաղաղ գործընթացին՝ հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը կայունության և խաղաղության բանալին են ինչպես Սիրիայում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում»,– ընդգծել են ԱԳՆ-ում:
Նշենք, որ Հորդանանում դեկտեմբերի 14-ին Սիրիայի հարցով կայացած հանդիպման մասնակիցները կոչ են արել պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների կամավոր վերադարձի համար: Ամփոփիչ հայտարարությունն արել է արաբական երկրների` Սիրիայի հարցերով նախարարական կոմիտեն, որի կազմում են Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Լիբանանը, Եգիպտոսը և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ի, Բահրեյնի արտգործնախարարները և Կատարի ներկայացուցիչները: Մասնակիցներն ընդգծել են հայրենիք վերադառնալու համար սիրիացի փախստականների անվտանգ և արժանապատիվ պայմաններ ապահովելու, ինչպես նաև տվյալ գործընթացի իրականացման համար մարդասիրական և այլ օգնության տրամադրման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը:
ԱՄՆ–ն և Թուրքիան «կիսել են» Սիրիան