ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայում աշակերտերն այսօր վերադարձել են դպրոցներ։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Բերիո հայոց թեմի լրատվության պատասխանատու Մարիա Գաբրիելյանը հայտնել էր, որ Հալեպում դեկտեմբերի 16–ից կբացվեն ուսումնական հաստատությունները, ընկերությունները կվերսկսեն իրենց գործունեությունը։
«Կիրակի օրը սիրիացի դպրոցականները վերադարձել են դասարաններ այն բանից հետո, երբ երկրի նոր կառավարիչները կարգադրել են վերսկսել դպրոցների աշխատանքը, ինչը իրավիճակի որոշակի կարգավորման նշան կարող է լինել»,– գրում է գործակալությունը:
Այսօր առավոտյան աշակերտները սպասել են Դամասկոսի տղաների միջնակարգ դպրոցի բակում և ծափահարել, երբ դպրոցի քարտուղար Ռաեդ Նասերը կախել է նոր իշխանությունների ընդունած դրոշը: Նասերը նշել է, որ Ջավդաթ ալ Հաշեմիի դպրոցը չի տուժել։
Այնուամենայնիվ, որոշ ծնողներ իրավիճակի անորոշության պատճառով խուսափել են իրենց երեխաներին դասի ուղարկել:
Ի դեպ, այսօրվանից նաև Սիրիայի քրիստոնյաները երկրում իշխանափոխությունից առաջին անգամ այցելել են կիրակնօրյա կանոնավոր հոգևոր ծառայության:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: