Թուրքական հետախուզության ղեկավարը ժամանել է Դամասկոս

Սպասվում է, որ Իբրահիմ Քալընը Սիրիայի մայրաքաղաքում կհանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Sputnik
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը պատվիրակության կազմում այցելել է Դամասկոս։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Տեսանյութում երևում է, որ Քալընը զինված թիկնապահների ուղեկցությամբ անցել է պատմական շենքի պատկերասրահով։ Նա նաև աղոթք է արել Օմեյադների մզկիթում։
Սպասվում է, որ Քալընը Դամասկոսում կհանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։ Երկրի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին հայտնեց, որ մի քանի նախարարների հետ մնում է Սիրիայում և արդեն կապ է հաստատել զինված ընդդիմության առաջնորդների հետ:
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարեցին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցելուց հետո որոշել է հրաժարվել պաշտոնից և լքել երկիրը՝ հրահանգելով իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթաց սկսել, ընդ որում՝ Ռուսաստանը բանակցություններին չի մասնակցել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ասադն ընտանիքի հետ մեկնել է Մոսկվա. ՌԴ-ն ապաստան է տրամադրել նրանց: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Կրեմլի իր աղբյուրին հայտնեց, որ ՌԴ պաշտոնյաները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ, որոնց առաջնորդները երաշխավորել են ՌԴ ռազմաբազաների և դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը: