Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ արտահերթ ընտրություններ կլինեն

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի համաձայն՝ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից»,- ասված է որոշման մեջ։
Նույն որոշման համաձայն՝ Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
3 օր Գյումրիում նախնական ընտրություններ էին ընթանում, արդյունքում 253 ձայնով քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։ Նա ծնվել է 1980թ–ին, Գյումրիում։ Նա անկուսակցական է։ 2018թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:
Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։