ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Նշենք, որ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
3 օր Գյումրիում նախնական ընտրություններ էին ընթանում, սակայն արդյունքում Առուշանյանն անհրաժեշտ ձայներ չհավաքեց ու քաղաքապետի պաշտոնակատարն այժմ Սարիկ Մինասյանն է։
Ժամեր առաջ ՔՊ-ականը գրառում է կատարել սոցցանցում` շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին, ապա նաև պատրաստակամություն հայտնել, որ լիարժեք կաջակցի Մինասյանին իր ստանձնած գործում։
Նշենք, որ Դավիթ Առուշանյանը 2021-2022թթ.–ին եղել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ: 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2022թ. հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
ԱԺ–ում Առուշանյանին կփոխարինի Ջուլիետա Ազարյանը (նա ՔՊ–ի նախընտրական ցուցակում հաջորդ համարն է)։ Ազարյանը ներկայում զբաղեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։