Սկանդալ ՔՊ–ում. Հակոբ Ասլանյանը փոշմանել է, նրան այդ հարցում «օգնել է» ԲՏԱ նախարարը

ՔՊ–ական պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՔՊ խմբակցությունը լքելու մտադրությունը փոխելու մասին տեքստը, բայց չի նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսակցության «սքրինը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որն այսօր հայտնել էր, թե մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, «Ֆեյսբուքում» միանգամից մի քանի գրառումով «փոշմանել է»։
Ասլանյանը սկզբում իր էջում հրապարակել է ՔՊ խմբակցությունը լքելու իր մտադրությունը փոխելու մասին տեքստ, բայց ամենայն հավանականությամբ չի նկատել, որ հրապարակում է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսակցության «սքրինը»։ Դրանից հետո Ասլանյանը ևս 4 անգամ հրապարակել է նույն «սքրինը», բայց արդեն առանց Մխիթար Հայրապետյանի։Նա նույն սքրինը տարածել է նաև ֆեյսբուքի «սթորի» բաժնում։
Եվ մինչ ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու սոցցանցերի օգտատերերը կփորձեին հասկանալ` ինչ է կատարվում Ասլանյանի էջում, պարզաբանում տարածեց ԲՏԱ խոսնակ Կարինե Տերտերյանը։
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»,–գրել է հայրապետյանւ խոսնակը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հանուն իր ընկերոջ` նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանի։
Դեկտեմբերի 4-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել էին՝ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։ Դեկտեմբերի 10–ին Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։