Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը

Սարիկ Մինասյան
Նա կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի ունեցած նախնական ընտրությունների արդյունքում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։ Նա ստացել է 253 ձայն։
Նախնական ընտրությունների քվեաթերթիկների ընդհանուր թիվը եղել է 1050, անվավեր քվեաթերթիկների թիվը` 34, անճշտությունները` 11։ Ձայները թեկնածուների մեջ բաշխվել են հետևյալ կերպ.
1.
Անանյան Լևոն 91
2.
Առուշանյան Դավիթ 220
3.
Արամյան Շավարշ 88
4.
Մինասյան Սարիկ 253
5.
Վարդանյան Էմմա 113
6.
Մկրտչյան Վահագն 138
7.
Սարուխանյան Կարեն 143։
Սարիկ Մինասյանը ծնվել է 1980թ–ին, Գյումրիում։ Նա անկուսակցական է։ 2018թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:
Նշենք, որ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4–ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է` ովքեր կմասնակցեն Գյումրու քաղաքապետի նախնական ընտրություններին։
Նա նշել է, որ համապատասխան որոշումը դեկտեմբերի 3–ին կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներ են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը։ Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին Փաշինյանը կնշանակի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար:
Պարտադիր պայման էր, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։
Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։