ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները բազմակողմ փոխգործակցություն պետք է զարգացնեն պաշտպանության ոլորտին առնչվող ձեռնարկությունների և արտադրության ճյուղերի միջև: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Անհրաժեշտ է համատեղ աշխատել զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման, կոնկրետ ձեռնարկությունների և արտադրության ճյուղերի միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման հարցերում, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պաշտպանական ոլորտին», - ասել է ՌԴ նախագահը:
ՌԴ նախագահն ընդգծել է նաև պաշտպանության ոլորտում ՀԱՊԿ երկրների տեխնոլոգիական առաջնորդության ապահովման անհրաժեշտությունը:
«Մեկ այլ ոլորտ, որին, կարծում եմ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցությունն է։ Դա արդիական է հատկապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նման կառույցի համար։ Ներկայիս բարդ միջազգային իրավիճակում կարևոր է ապահովել ՀԱՊԿ երկրների տեխնոլոգիական առաջնորդությունը պաշտպանական ոլորտում»,- հայտարարել է Պուտինը։
Պուտինը կարևոր ոլորտ է անվանել նաև տեղեկատվական անվտանգության ապահովումը։
«Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ աշխարհում ենք ապրում, որքան կարևոր է դա, և պետք է մեր աշխատանքն այնպես կառուցենք, որ ապահովենք անվտանգությունը, մյուս կողմից՝ չխանգարենք առաջընթացին, և, ինչպես ասում են, մեր գործողություններով չխոչընդոտենք այն ոլորտների զարգացմանը, որոնք անշուշտ կնպաստեին նաև մեր զարգացմանը», – ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է, որ այս առումով հատուկ ուշադրություն է պահանջում արհեստական բանականության, ռոբոտաշինության, տվյալների ընդարձակ բազայի օգտագործման հետ կապված իրավական կարգավորումը։