ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը Դոհայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունները և երկխոսություն ծավալել Սիրիայի իշխանությունների և օրինական ընդդիմության միջև:
Լավրովը հանդիպումից հետո նշել է, որ «Աստանայի ձևաչափի» նախարարները կողմերին երկխոսության կոչ են արել և հաստատել են հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը:
«Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:
Ռուս նախարարը հրաժարվել է կանխատեսումներ անել Սիրիայում իրադարձությունների զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ ՌԴ-ն փորձում է հնարավոր ամեն ինչ անել ահաբեկիչներին հակազդելու համար:
Նա անթույլատրելի է համարել արգելված «Թահրիր աշ Շամ»-ի ահաբեկիչների օգտագործումը աշխարհաքաղաքական նպատակներով, ինչպես հիմա տեղի է ունենում Սիրիայում:
Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» արգելված ահաբեկչական խմբավորման զինյալներին տարբերել չափավոր ընդդիմադիրներից:
«Թուրքիայի և Իրանի հետ համատեղ քայլեր կձեռնարկենք, որպեսզի համոզվենք, որ Սիրիայում ապաէսկալացիայի կոչը լսելի է»,-ասել է Լավրովը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին դրական է գնահատել եռակողմ ձևաչափով հանդիպումը:
«Մենք քննարկեցինք Սիրիայի վերաբերյալ ընթացիկ և շատ կարևոր հարցեր, և բոլոր մասնակիցները միաձայն համաձայնեցին, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է հարգվեն»,-ասել է նա:
Արաղչին նշել է, որ Սիրիայի կառավարության հետ խորհրդակցություններ կանցկացվեն այդ հարցի շուրջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: