ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2024 թ. ընթացքում ստվերի նվազում է արձանագրել մշակող արդյունաբերության, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, շինարարության, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման և մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում: Այդ մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
2025 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ–ում ՊԵԿ արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ վերջին 3 տարիներին ստվերային գործունեությունը նվազել է։ Մինչդեռ այս տարվա օգոստոսի 31–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հարկային փոփոխությունների մասին, հայտարարել էր, որ մեր երկրում ահռելի ստվեր կա, և դրա «թիվ 1 հովանոցը» շրջանառության հարկն է։
«Հայաստանում վերջին երեք տարիներին տնտեսական ստվերը նվազել է շնորհիվ հարկ վճարողների առավել կարգապահ վարքագծի»,– վստահեցրել են կոմիտեից։
Անդրադառնալով ստվերի նվազման արդյունքում ստացված տնտեսական արդյունքների մասին հարցին` ՊԵԿ–ը վկայակոչել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:
«Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2023 թ. կազմել է 24,05 %, որը 2022 թ. նույն ցուցանիշի նկատմամբ աճել է շուրջ 1 տոկոսային կետով (կամ (0.1 տոկոսով-խմբ.)։ ՀՆԱ–ի աճի նկատմամբ հարկերն աճել են ավելի առաջանցիկ չափով»,– ի պատասխան նշել են կոմիտեից։
ՊԵԿ–ից նշել են, որ ստվերի կրճատումը հաշվարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի հեղինակած RA–GAP (Revenue administration–Gap Analysis Program) միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ։ Այն դիտարկում է հիմնական երեք հարկատեսակների` ԱԱՀ–ի, շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային եկամուտների պոտենցիալը ՀՆԱ–ի հետ հարաբերակցությամբ։
Այն, որ ստվերի գնահատումը բավականին բարդ գործընթաց է ու հաշվարկի տարբեր մեթոդաբանություններ ունի, «Հայացք» վերլուծական կենտրոնի տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չժխտեց։ Նրա համար միայն տարօրինակ է այն, որ ստվերի առկայության մասին իրարամերժ կարծիքներ են հնչեցնում նույն կառավարության տարբեր անդամներ` սինքրոն աշխատելու փոխարեն։
Ինչ վերաբերում է ՊԵԿ–ի այն պնդմանը, որ ստվերը կրճատվել է կոնկրետ ոլորտներում, Ամիրխանյանը հիշեցնում է, որ դրանք մեր տնտեսության աճին նպաստող հիմնական ուղղություններն են։
«Վերջին տարիներին հենց այդ ոլորտներում էր ձևավորվել բարվոք միջավայր` նաև արտաքին գործոնների ազդեցությամբ (2022 թ. ռուս–ուկրաինական պատերազմից ի վեր ունեցանք մշակող արդյունաբերության, վերարտահանման աճ, ինչպես նաև` սպասարկման, ծառայությունների ոլորտի զարգացում` շնորհիվ ռելոկանտների ներհոսքի)։ Արդյունքում տնտեսվարողի վարքագծում կարգապահություն ձևավորվեց, ստվերից դուրս գալու միջավայր ստեղծվեց»,– նշեց տնտեսագետը։
Ամիրխանյանը չի ժխտում, որ ստվերային տնտեսության կրճատման վրա որոշակի ազդեցություն ունեցել է հարկային վարչարարության խստացումը, սակայն նա միաժամանակ հիշեցնում է տնտեսության մեջ գործող որոշակի օրինաչափության մասին` հարկերի հավաքագրման գործընթացը ունի որոշակի սահմանային օգտակարության կետ։
«Երբ վարչարարությունը, հարկահավաքման գործընթացները խստացվում են, հարկային բեռն ավելացվում է` պետական բյուջեի եկամուտների ավելացման ակնկալիքով, գալիս-հասնում ենք ինչ–որ մի կետի, որից հետո այդ նույն գործընթացի շարունակությունը հակառակ էֆեկտն է ունենում։ Մի կողմից տնտեսվարող սուբյեկտները այլևս չեն կարողանում դիմակայել վարչարարությանը, մյուս կողմից անընդհատ խոստացվող վարչարարությունը ստիպում է սուբյեկտներին վերադառնալ ստվեր»,– ընդգծեց տնտեսագետը։
Նրա տպավորությամբ` մենք կամ արդեն իսկ հասել ենք այդ կետին, կամ առնվազն ձգտում ենք դրան։ Ամիրխանյանը չի բացառում, որ ստվերային տնտեսության խորացմանը կարող է մեծապես նպաստել նաև 2025 թվականին նախատեսվող հարկային լուրջ խստացումները։
Հիշեցնենք նաև` 2025 թ. հունվարի 1–ից ԱԱՀ ռեժիմով կհարկվեն շրջանառության հարկի ռեժիմով աշխատող փաստաբանները։ Հուլիսի 1–ից շրջանառության և միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմից ԱԱՀ համակարգ կտեղափոխվեն մի շարք ոլորտներ ևս, այդ թվում` հաշվապահական, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական և այլ գործունեություն իրականացնողները։