Հիմա շատերն ասում են՝ բայց ի՞նչ մեղք ուներ խեղճ Միշել Բարնիեն, որն ընդամենը սեպտեմբերին էր զբաղեցրել վարչապետի աթոռը, և որին, ի դեպ, ֆրանսիացիաների մեծ մասը հավանում է։ Odoxa սոցիոլոգիական ինստիուտի վերջին հարցումների համաձայն, 54 տոկոսը Բարնիեին համարում է արհեստավարժ, 53 տոկոսը՝ վստահելի, 52 տոկոսը՝ երկխոսության պատրաստ գործիչ։ Այնինչ Էմանուել Մակրոնին ֆրանսիացիների 76 տոկոսը համարում է «վատ նախագահ»։
Մակրոնի նկատմամբ բացասական վերաբերմունքն ինչ-որ չափով հասկանալի է, որովհետև շատերը հենց նրան են համարում ներկա ճգնաժամի հիմնական պատասխանատու։ Երևի հիշում եք, որ մի քանի ամիս առաջ՝ այս տարվա ամռանը, երբ Մարին Լը Պենի ծայրահեղ աջերը մեծ հաջողություն գրանցեցին Եվրախորհրդարանի ընտրություններում, Ֆրանսիայի նախագահն անսպասելիորեն ցրեց խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակեց։ Փաստորեն հենց դրանից հետո էլ սկսվեց ճգնաժամը, քանզի նորընտիր պառլամենտում ձևավորվեցին մոտավորապես հավասար ազդեցությամբ երեք դասական ճամբարներ՝ ձախերը՝ սոցիալիստների, կոմունիստների, կանաչների և այլ ուժերի մասնակցությամբ։ Աջերը՝ Լը Պենի հովանավորյալ երիտասարդ Ժորդան Բարդելայի գլխավորությամբ, և նախագահին սատարող կենտրոնամետները։
Երևի պարզ է, որ թե′ աջերը, թե′ ձախերը ձգտում են գրավել կենտրոնում գտնվողների տեղը, այսինքն, ոչ թե գաղափարապես դառնալ կենտրոնամետ, այլ պարզապես լինել իշխանության կենտրոնում, որոշումներ կայացնելու կենտրոնում, ամեն ինչ վերահսկելու կենտրոնում, վերջապես ուղղակի ուշադրության կենտրոնում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ դա շատ հաճելի բան է։ Իհարկե, Ֆրանսիայի պես կիսանախագահական երկրում ամեն ինչի կենտրոնում Էմանուել Մակրոնն է, բայց նա արդեն հայտարարել է՝ կառավարությունը կարող է փոխվել, բայց ես չեմ պատրաստվում այդ պատճառով հրաժարական տալ և, ինչ էլ անեք՝ կմնամ Ելիսեյան պալատում մինչև 2027 թվականը։ և ինչո՞ւ պիտի հեռանամ, եթե ժողովուրդը երկու անգամ ինձ է ընտրել։
Իհարկե, Մակրոնին չես նախանձի, որովհետև նա այս խորհրդարանի հետ պիտի գործ ունենա առնվազն մինչև հաջորդ տարվա ամառը, քանզի ըստ օրենքի, մեկ տարվա ընթացքում պառլամենը կրկին ցրելու իրավունք պարզապես չունի։ Այսինքն, պատգամավորները կարող են առաջիկայում թեկուզ ամիսը մեկ վարչապետ ու կառավարություն փոխել, Մակրոնի վրա դա բոլորովին չի ազդի։ Երկրի հեղինակության վրա, իհարկե, կազդի, բայց դե, եվրոպացիները հաստատ ըմբռնումով կմոտենան։ Գիտե՞ք, թե քանի կառավարություն է փոխվել Իտալիայում Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո։ Չեք հավատա՝ գրեթե 70 կառավարություն, այսինքն, համարյա տարին մեկ։
Այո′, իշխանության ճյուղերի տարանջատումը, պետական կառավարման ժողովրդավարական համակարգերն իրենց անխուսափելի բարդություններն ունեն, բայց դրանց դեմ բիրտ ճնշումներով չեն պայքարում, ինչպես վարվեցին մեզ մոտ՝ Հայաստանում, անմիջապես աշխատանքից ազատելով երեք տասնյակ գործադուլավոր վարորդների, իսկ նրանց բողոքի ակցիան անվանելով հակապետական։ Հենց այս շաբաթ Փարիզում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, ցույցեր էին անում և խարույկներ վառում մոտ 1000 տաքսիստներ՝ կիլոմետրանոց խցանումներ առաջացնելով մայրաքաղաքի փողոցներում։ Նրանք, ի դեպ, բողոքում էին հենց այն բյուջեի դեմ, որն ի վերջո հանգեցրեց կառավարական ճգնաժամին։ Ու ոչ ոք տաքսու վարորդներին հակապետական չանվանեց։ Վարչապե′տը հրաժարական տվեց։
Իհարկե, կարելի է ամեն ինչում մեղադրել վարչապետին։ Բայց ախր, այդ մարդն էլ փորձում էր փրկել իր երկրի տնտեսությունը։ Պրոբլեմը սա է՝ Ֆրանսիան հսկայական պետական պարտք ունի, բյուջետային դեֆիցիտն էլ ավելի քան երկու անգամ գերազանցել է Եվրամիության երկրներում թույլատրելի համարվող 3 տոկոսի շեմը։ Իսկ դա նշանակում է, որ Ֆրանսիան կա′մ ընդհանրապես դրսից վարկային միջոցներ չի ստանա, կա′մ կստանա, բայց շատ բարձր տոկոսադրույքով։ և վարչապետը փորձել է մի կողմից կրճատել բյուջեի ծախսերը, ինչը ցավագին է, մյուս կողմից՝ բարձրացնել հարկերը, ինչն ավելի ցավագին է։ Քաջ գիտակցելով, որ հասարակ մարդկանց բարեկեցությանը հարվածող այս միջոցներն աջակցություն չեն գտնի ո′չ աջերի, ո′չ էլ ձախերի ճամբարում, Բարնիեն դիմել է ծայրահեղ քայլի՝ օգտվել է սահմանադրության այն հոդվածից, որը թույլ է տալիս կառավարությանը բյուջեն հաստատել առանց խորհրդարանի քվեարկության։
Ինչպես և կարելի էր սպասել, ընդդիմադիր պատգամավորների արձագանքը միանշանակ է եղել. ինչպե՞ս թե՝ դու մեզ շրջանցե՞ս, մենք էլ քեզ ու քո կառավարության անդամներին կշրջանցենք, այն էլ՝ այնպես, որ ոչ մեկդ ձեր հարմարավետ առանձնասենյակներում չեք մնա։ Ու շրջանցեցին։ և միանգամից էլ ծագեց այն գլխավոր հարցը, որը հուզում է թե′ ֆրանսիացիներին, թե′ հայաստանցիներին՝ ենթադրենք, թե վարչապետն ու նրա թիմը հրաժարական տվեցին, բա հետո՞։