ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման առաջարկությունն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Այս նախագիծը հավանության էր արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի սեպտեմբերի 24–ի կարգադրությամբ։
«Նախատեսվում է համաձայնագրի գործողության ժամկետը սահմանել երեք տարի՝ հետագայում ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։
Նշվում է, որ մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը (Մոնղոլիայի դրույքաչափը`30 %), կոնյակը (դրույքաչափը` 15 %), շոկոլադը (դրույքաչափը`5 %), հանքային ջուրը (դրույքաչափը` 5 %), պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5 %)։
Բացի այդ, ըստ կառավարության ներկայացրած հիմնավորման` մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98 %-ը. Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5 %-ից կիջնի մինչև 1,2%։
Արդյունքում, Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև 1 մլն ԱՄն դոլար։