Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուների ցանկը

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներն այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է` ովքեր կմասնակցեն Գյումրու քաղաքապետի նախնական ընտրություններին։
Նա նշել է, որ համապատասխան որոշումը դեկտեմբերի 3–ին կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներ են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը։
«Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,–գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
Թմրամոլ չեմ. Կարեն Սարուխանյանը հրապարակել է թմրանյութի թեստի արդյունքները
Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում ընտրվելու համար միակ տարբերակն ինքնառաջադրումն է։ Հետաքրքրված թեկնածուները պետք է ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ ուղարկեին info@civilcontract.am էլեկտրոնային հասցեին։
Պարտադիր պայման է, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Այդ մասին թեկնածուները պետք է նշեն իրենց մոտիվացիոն նամակում։ Ինքնառաջադրման ժամկետը լրացել էր դեկտեմբերի 2–ի կեսօրին՝ 12։00-ին։