ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները մտադիր են դեկտեմբերի 4-ին ևս շարունակել գործադուլը, մինչև որ ավելի վաղ աշխատանքից ազատված 35 վարորդների հարցը լուծվի: Այս մասին լրագրողներին ասաց վարորդներից մեկը, որը ներկա է եղել ՓԲԸ-ի տնօրենի հետ հանդիպմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսների վարորդներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել։ Մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտին, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Գործադուլ իրականացնելու պատճառով արդեն 18 վարորդ ազատվել են աշխատանքից։ Սուրեն Գրիգորյանը գործադուլ արած վարորդների գործը քննելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։
«Վաղն էլ աշխատանքի դուրս չենք գա, մինչև վարորդների հարցը չլուծվի»,-ասաց նա:
Գործադուլի մեկ այլ մասնակից նշեց, որ ղեկավարությունը պայման է դրել՝ աշխատանքից ազատված 35 վարորդների հարցը կքննարկենն, եթե մյուսներն առավոտից դուրս գան աշխատանքի: Այս պահին գործադուլ անող վարորդները ցրվել են։
Հիշեցնենք` ավտոբուսների վարորդները պահանջում են, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։