ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն արդեն 40 վարորդի է ազատել աշխատանքից։ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը գործադուլ անող վարորդների հետ գտնվում է Ջրվեժում` ավտոբուսների վերջնականգառում։
Աշխատանքից ազատված վարորդների ցանկը
© Sputnik / Marianna Paytyan
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտոբուսների վարորդներն այսօր առավոտյան գործադուլ են հայտարարել։ Մարդիկ ժամերով սպասել են հանրային տրանսպորտին, բայց ապարդյուն։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Գործադուլ իրականացնելու պատճառով արդեն 18 վարորդ ազատվել են աշխատանքից։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գործադուլ արած վարորդների գործը քննելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։
Այժմ վարորդների հետ հանդիպման են եկել ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Դիանա Քերոբյանը և Քրիստինե Վարդանյանը։
Վարորդների հետ հանդիպում
© Sputnik / Aram Nersesyan
Նա նաև ընդգծեց, որ առավոտվանից միջինում հանրային տրանսպորտի շարժակազմերի կեսն ամեն դեպքում աշխատանքի է դուրս եկել։ Միևնույն ժամանակ չժխտեց, որ կա շարժակազմերի սակավություն, մարդկանց էլ անհարմարություն է պատճառվել։
Հիշեցնենք` ավտոբուսների վարորդները պահանջում են, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն, քանի որ դեռ 1 ամիս առաջ իրենց նման խոստում են տվել։