Կյանքիս ծանրագույն որոշումն եմ կայացրել․ Աղազարյանը՝ Փաշինյանի առաջարկը մերժելու մասին

Ըստ պատգամավորի՝ այսպես է վարվել, որ հետագայում հասարակության մոտ տպավորություն չլինի, թե ինքն ինչ-որ գործարքի է գնացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ նա վայր չի դնի պատգամավորական մանդատը։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատները: Նարեկ Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին, իսկ Աղազարյանը հայտարարել` մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված որոշում կայացրել է, որը կհրապարակի նոյեմբերի 25–ին, իսկ արդեն նոյեմբերի 25–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ հարցեր ունի պարզաբանելու ինքն իր հետ, դրանից հետո նոր կկողմնորոշվի։
Այսօր Աղազարյանը 24news-ի հետ զրույցում ասել է, որ մանդատը վայր չդնելու որոշումը ծանրագույնն է իր կյանքում, և այն կայացնելիս առաջնորդվել է մի կարևոր հանգամանքով։ Նա հիշատակում է վերջերս ԱԺ-ում ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը, թե Աղազարյանի որդուն առնչվող քրեական վարույթի շրջանակներում 2 անգամ միջնորդավորված դիել են իրեն։ Քյարամյանը խոսել էր նաև մանր եղջերավոր անասունների արտահանմանն առնչվող քրեական գործի մասին, որում Աղազարյանը ներգրավված է որպես վկա։
«Հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, հասարակության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ես գնացել եմ գործարքի»,- ասաց Աղազարյանը։
Նա հավելեց՝ եթե վարույթներից գոնե մեկով պարզվի, որ ինքը մեղավոր է, ապա իրեն կզրկեն մանդատից։
Աղազարյանը վստահ է, որ իր այս որոշումը վատ է ընդունվելու խմբակցությունում։ Չի բացառում, որ կքննարկվի նույնիսկ իրեն խմբակցությունից հեռացնելու հարցը։
Նա չի բացառում նաև, որ գլխավոր դատախազը կարող է խորհրդարան մտնել իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին։
Քյարամյանը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։
ՔԿ նախկին ղեկավարի հայտարարության վերաբերյալ ավելի ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մամուլը սկսեց գրել, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։