Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ԺՊ

Ինքնառաջադրվելու վերջնաժամկետը լրանում է այսօր, թեկնածուների ցանկը ՔՊ-ն հրապարակելու է վաղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն ինքնառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը՝ այսօր որոշել և ինքնառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է Սարուխանյանը։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
Թմրամոլ չեմ. Կարեն Սարուխանյանը հրապարակել է թմրանյութի թեստի արդյունքները
Նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում ընտրվելու համար միակ տարբերակն ինքնառաջադրումն է։ Հետաքրքրված թեկնածուները պետք է ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ ուղարկեին info@civilcontract.am էլեկտրոնային հասցեին։
Պարտադիր պայման է, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Այդ մասին թեկնածուները պետք է նշեն իրենց մոտիվացիոն նամակում։
Ինքնառաջադրման ժամկետը լրանում է այսօր կեսօրին՝ 12։00-ին։ ՔՊ-ն կհրապարկի թեկնածուների ցանկը դեկտեմբերի 3-ի երեկոյան։