Չկալովի անվան պետական թռիչքափորձարարական կենտրոնի մասնագետները թռիչքի հեռահարության համաշխարհային ռեկորդ են սահմանել «Ռոստեխ» պետական կորպորացիայի կողմից մշակված «Դալնոլետ» պարաշյուտային համակարգի կիրառմամբ:
Կորպորացիայի տվյալներով՝ փորձարկողները թռիչք են կատարել 10 կմ բարձրությունից՝ թռչելով ավելի քան 80 կմ, ինչը համաշխարհային պրակտիկայում բացարձակ ռեկորդ է:
Փորձարկող պարաշյուտիստները Ան-72 ինքնաթիռից դեսանտավորում են կատարել 350 կմ/ժ արագությամբ՝ օդի մինուս 57 ջերմաստիճանի պարագայում։ Նախկինում նման հեռավորություն դեսանտավորման ժամանակ չէր հաղթահարել աշխարհում ոչ մի մարդ։
«Դալնոլետ» պարաշյուտային համակարգը նախատեսված է ուսումնամարզական և մարտական ցատկի համար: Այն նախատեսված է մինչև 190 կգ թռիչքային քաշով աշխատելու համար, ներառյալ՝ թթվածնային սարքավորումները և բեռը: «Ռոստեխի» տվյալներով՝ պարաշյուտի աերոդինամիկ որակը կազմում է առնվազն չորս (յուրաքանչյուր կորցրած մեկ կիլոմետր բարձրության դիմաց պարաշյուտիստը կարող է անցնել առնվազն 4 կիլոմետր հորիզոնական ուղղությամբ- խմբ):
Համակարգն արդեն անցել է պետական փորձարկումներ և թույլատրվել սերիական արտադրության։ Ի սկզբանե դրա օգտագործումը սահմանափակվել էր մինչև 8 հազար մետր բարձրությամբ, սակայն իրականացված փորձարկումները թույլ են տվել այդ ցուցանիշը հասցնել 10 հազար մետրի։
«Դալնոլետը» դարձել է աշխարհում առաջին պարաշյուտային համակարգը, որը թույլ է տալիս ստրատոսֆերայից թռիչքներ կատարել գերերկար հեռավորությունների վրա: «Ռոստեխի» տեղեկատվության համաձայն՝ 50 կգ քաշով բեռնատար կոնտեյներով դեսանտավորման ժամանակ պարաշյուտիստները հաղթահարել են ավելի քան 40 կմ, իսկ առանց բեռի՝ բարենպաստ եղանակային պայմաններում՝ ավելի քան 80 կմ:
«Ռոստեխի» գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն նշել է, որ «Դալնոլետ» համակարգը ստեղծվել է կորպորացիայի պարաշյուտային կլաստերի կողմից մշակված ներքին տեխնոլոգիաների և նյութերի օգտագործմամբ: