Սիրիական Հալեպ քաղաքը գրեթե գրավվել է թուրքամետ ահաբեկիչների կողմից։ Տեղեկությունը հաղորդում է «Sky News Arabia»-ն։
Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել մի շարք կառավարական շենքեր, ոստիկանության և պետական անվտանգության կենտրոնակայաններ։ Զինյալները նաև բանտերից հարյուրավոր բանտարկյալների են ազատել:
Սիրիական կառավարական զորքերի հետ գիշերային բախումներից հետո (որոնց հրամանատարությունը հավաստիացնում էր, որ իրենց հաջողվել է հետ մղել զինյալներին) ահաբեկչական խմբավորումները ընդլայնել են Հալեպի կենտրոնական հատվածում վերահսկողության գոտին: Գրոհայինները հաջողություն են գրանցել նաև Իդլիբի արևելքում։
Մի շարք ԶԼՄ–ների տվյալներով՝ Մոսկվան Դամասկոսին լրացուցիչ ռազմական օգնություն է խոստացել, որը տեղ կհասնի առաջիկա 72 ժամվա ընթացքում:
Միաժամանակ տեղեկություններ կան, որ գրոհայինները հարվածներ են հասցրել Հալեպի նահանգի Քվեյրիս ավիաբազայում ռուսական դիրքերին:
Հիշեցնենք` թուրքամետ արմատական խմբավորումները նոյեմբերի 28-ին հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել։ Սիրիական զորքն անցել է հակահարձակման։ Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» * ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Նոյեմբերի 29-ի առավոտյան գնդակոծվել է Հալեպի համալսարանի ուսանողական ավանը, ինչի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու ուսանող։
* Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։