Սիրիայի շուրջ զարգացումները կարող են ծանր բնույթ ունենալ մեզ համար․ Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Ըստ քաղաքագետի՝ այն, ինչ տեղի է ունենում, Իրանի դեմ իրականացվող արշավ է, որն ինչ-որ փուլում կարող է ուղիղ առճակատման վերածվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է քաղաքագետ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իսկ մեր դեպքում այն առավել ծանր բնույթ կարող է կրել ՀՀ իշխանության անհավասարակշիռ արտաքին քաղաքականության և կառավարման համակարգի անարդյունավետության պայմաններում»,– նշել է նա:
Քաղաքագետի խոսքով՝ Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրականացված գործողությունների շղթայի մաս է, հաջորդ թիրախը կարող է Իրաքը դառնալ։
«Մերձավոր Արևելքը տարբեր փուլերում միջազգային դերակատարների բախման թատերաբեմ է, իսկ այս դեպքում կոնկրետ շահագրգռվածություն են դրսևորում ռեգիոնալ պետությունները, առաջին հերթին` Թուրքիան»,- գրել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ Սիրիայի, Լիբանանի դեպքում Հայաստանի շահագրգռվածությունը ոչ միայն ռեգիոնալ անվտանգության համատեքստում է, այլ նաև այդ երկրներում հայկական համայնքների գոյությամբ և ակտիվությամբ:
Քաղաքագետն ընդգծել է, որ տեղի ունեցողն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարից բացի Իրանի դեմ իրականացվող արշավ է, որն ինչ-որ փուլում կարող է ուղիղ առճակատում դառնալ Իրանի հետ:
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական ​​խմբավորումները հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել, սիրիական զորքն անցել է հակահարձակման։
Ըստ ԶԼՄ–ների` թուրքամետ խմբավորումները գրեթե գրավել են Հալեպը, քաղաքի որոշ շրջաններ և հյուսիսում գտնվող որոշ բնակավայրեր, որոնք լքել են Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, անցել են քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը աշխատանքը շարունակում է Դամասկոսից. ԱԳՆ–ն` Սիրիայի մասին