Լավրովը Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ

Սերգեյ Լավրով
Նախարարները հաստատել են Սիրիայում իրավիճակի կայունացման նպատակով համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում տիրող իրավիճակը քննարկել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի և Հաքան Ֆիդանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 30-ին իրանական կողմի նախաձեռնությամբ Լավրովն ու Արաղչին քննարկում են անցկացրել և խիստ մտահոգություն հայտնել Սիրիայի իրավիճակի վտանգավոր սրման վերաբերյալ, որը կապված է Հալեպի և Իդլիբի նահանգներում զինված խմբավորումների ահաբեկչական հարձակման հետ:
«Վերահաստատվել է վճռական աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարները համաձայնել են իրադրության կայունացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման ուղղությամբ։ Գործընկերները նաև խոսել են «Աստանայի ձևաչափի» շրջանակում իրավիճակը շտապ դիտարկելու անհրաժեշտության մասին:
Լավրովը Սիրիայում իրավիճակի վտանգավոր զարգացման կապակցությամբ լուրջ մտահոգություն է հայտնել նաև թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։
Հաստատվել է նաև Սիրիայում իրադրության կայունացման նպատակով համատեղ գործողությունների համակարգման անհրաժեշտությունը, առաջնահերթ «Աստանայի ձևաչափի» ներուժի գործարկմամբ։
Նշենք, որ 2017թ․ հունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև ՄԱԿ-ի ուղղակի մասնակցությամբ նախաձեռնված հանդիպում սիրիական կառավարության և ներսիրիական զինված ընդդիմության 14 խմբավորների ներկայացուցիչների միջև։ Մոսկվան, Թեհրանը, Անկարան վերահաստատեցին իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը և պատրաստակամություն հայտնեցին Սիրիայում հրադադարի խախտումների մշտադիտարկման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական ​​խմբավորումները հարձակվել և Հալեպի նահանգում ավելի քան 20 բնակավայր են գրավել, սիրիական զորքն անցել է հակահարձակման։
Ըստ ԶԼՄ–ների` թուրքամետ խմբավորումները գրեթե գրավել են Հալեպը, քաղաքի որոշ շրջաններ և հյուսիսում գտնվող որոշ բնակավայրեր, որոնք լքել են Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները, անցել են քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը աշխատանքը շարունակում է Դամասկոսից. ԱԳՆ–ն` Սիրիայի մասին