ԵԱՏՄ–ի «Անխափան տարանցում» նախագիծն օգնում է մասնակի լուծել ենթակառուցվածքի, լոգիստիկայի ոլորտում որակյալ կադրերի և միության երկրներում շարժակազմի դեֆիցիտի հետ կապված խնդիրները: Sputnik-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ, «Logistan» տելեգրամյան ալիքի գլխավոր խմբագիր Գրիգորի Միխայլովը։
Նա նշել է, որ լոգիստիկայի և տարանցիկ փոխադրումների ոլորտում խնդիրների ամբողջական լուծման համար տասնյակ միլիարդավոր դոլարներ և տարիներ կպահանջվեն:
«Այդ ոլորտը ԵԱՏՄ բոլոր երկրներում ընդհանուր առմամբ բավականին դինամիկ է զարգանում։ Ռուսաստանն ու նրա հարևաններն ակտիվորեն գումար են ներդնում տրանսպորտային և լոգիստիկ ոլորտում, քանի որ տեսնում են, թե ինչպես է աճել պահանջարկը, և որքան գումար կարելի է վաստակել դրանից», - ասել է Միխայլովը։
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ջանքերի ներդրման հիմնական կետը պետք է լինի ոչ այնքան ԵԱՏՄ տարածքով Չինաստանից բեռների տարանցումը, որքան լոգիստիկ կապերի ամրապնդումը և ներքին բեռնաշրջանառության բարձրացումը՝ միության պետությունների տնտեսությունների արդյունավետ զարգացման նպատակով:
«Հիմա մենք շեշտը դնում ենք բեռների տարանցման վրա, այսինքն` երբ, պայմանական ասած, համակարգիչներով կոնտեյները դուրս է գալիս Չինաստանից, հատում է սահմանը, հայտնվում է Ռուսաստանում, ապա Բելառուսում, իսկ հետո անցնում է Լեհաստանի սահմանով և այլն: Սակայն շատ ավելի կարևոր է զարգացնել փոխադրումները ԵԱՏՄ անդամ երկրների ներսում և նրանց միջև։ Իսկ արտաքին բեռների տարանցումը, ասենք, Չինաստանից Եվրոպա, ընդամենը հավելյալ բոնուս է։ Այսինքն` այն հզորությունների օգտագործումը, որոնք պետք եղածից շատ են գոյացել, քանի դեռ դուք այլ խնդիրներ էիք լուծում», - նշել է Միխայլովը։
Ըստ նրա դիտարկումների՝ վերջին տարիներին, կորոնավիրուսային համավարակի ֆոնին, իսկ հետո, երբ սկսվեցին ռազմական հատուկ գործողությունները, Ռուսաստանը, ապա նաև հարևան երկրները ստիպված եղան փոխել լոգիստիկայի մոտեցումները: Փոխվեցին լոգիստիկ երթուղիները, և դա որոշակի անհավասարակշռություն առաջացրեց։ Այդ պատճառով Չինաստանի հետ սահմանային անցակետերում պարբերաբար խցանումներ են առաջանում։ Բեռներով վագոնները, ինչպես նաև բեռնատար մեքենաները կարող են կանգնած մնալ 3 օր, մեկ շաբաթ, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 20 օր։
Միխայլովը միաժամանակ ասել է, որ Չինաստանից և Եվրոպայից Ռուսաստան կոնտեյներային փոխադրումների ծավալի անկում չի տեսնում, քանի որ ապրանքների մի մասը Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև Թուրքիայից և Կովկասից միջնորդների միջոցով մատակարարվում է զուգահեռ ներմուծմամբ:
«Անխափան տարանցում» նախագիծը մեկնարկել է այս տարվա մայիսին Չինաստան- Ղազախստան-Ուզբեկստան (Հարավային տրանսպորտային միջանցք) երթուղով: 2025 թվականի սկզբին նախագիծը նախատեսվում է գործարկել Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս երթուղով (Հյուսիսային տրանսպորտային միջանցք)։