Միայն մեկ–երկու ծառայություն շրջհարկից կտեղափոխվի ԱԱՀ դաշտ. կառավարությունը մտափոխվե՞լ է

Փոփոխությունները կազդեն շրջանառության հարկման համակարգում մնացած միկրոբիզնեսների վրա, քանի որ ավելացված արժեքի հարկով աշխատող ընկերությունների համար այլևս շահավետ չի լինի օգտվել նրանց ծառայություններից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտափոխվել է` միայն մեկ–երկու ծառայություն շրջանառության հարկման համակարգից կտեղափոխվի ավելացված արժեքի հարկման դաշտ, սակայն միկրոբիզնեսի առջև նաև որոշակի սահմանափակումներ կդրվեն։ Իշխանությունների նոր մտադրությունների մասին ոլորտային շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի նշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 7–ի նիստի ժամանակ որոշեց 2025 թ. հուլիսի 1–ից ԱԱՀ համակարգ տեղափոխել նաև իրավաբանական, հաշվապահական, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Ոլորտի մասնագետները հայտնեցին, որ հարկային օրենսդրության փոփոխութունները ուղղորդվում են այնպիսի հիմնավորումներով, որտեղ ներկայացվում են միայն բյուջեի հնարավոր եկամուտների ավելացման հնարավորությունները` առանց խոր ուսումնասիրությունների։
«Տարբերակը, որը հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ հավանության ենք արժանացրել , նշանակում էր, որ պիտի մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի դաշտից տեղափոխվեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Բայց մենք թե՛ լսումների արդյունքում, թե՛ մինչ այդ ներքին քննարկումների արդյունքում որոշել ենք այլ տրամաբանությամբ գնալ առաջ։ Ծառայությունների մեծ մասի համար ավելացված արժեքի հարկ տեղափոխվելու պահանջը կհանվի»,–ասաց Թունյանը։
Նրա խոսքով` դրա փոխարեն կլինի հետևյալ կարգավորումը. այդ ծառայությունների ոլորտում գործող ընկերությունները կշարունակեն աշխատել շրջանառության հարկի դաշտում, բայց երբ նրանք ծառայություն կմատուցեն ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատող ընկերություններին, այդ գնորդն իրավունք չի ունենա ծախսագրել իրենցից գնված ծառայությունները։
Կրակուպատիժ է մեր ոլորտների գլխին. միկրոձեռնարկատերերը դժգոհ են նոր փոփոխություններից
Այսինքն` փոփոխությունները կազդեն շրջանառության հարկման համակարգում մնացած միկրոբիզնեսների վրա, քանի որ ավելացված արժեքի հարկով աշխատող ընկերությունների համար այլևս շահավետ չի լինի օգտվել նրանց ծառայություններից:
Թունյանը նշեց, որ վրիպակներ չանելու համար առաջին ընթերցմամբ ընդունել են այն տարբերակը, որն ի սկզբանե ներկայացվել էր։
«Կարևորը, որ մենք քաղաքական հայտարարություն ենք արել, և մենք այդ փոփոխությունը մինչև երկրորդ ընթերցում կկատարենք։ Ամենայն հավանականությամբ` բացառություն կկազմեն հաշվապահական ծառայությունների ոլորտը, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվության ծառայությունների ոլորտը»,–ասաց նա։
Հիշեցնենք նաև՝ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանություն էր տվել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հանրային քննարկման փուլում արդեն իսկ արժանացել էր գործարարների և ոլորտի մասնագետների բուռն քննադատությանը։ Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, թե շրջանառության հարկի համակարգը արտոնյալ լինելու փոխարեն խանգարում է տնտեսության աճին՝ գործարարները զսպում են իրենց բիզնեսի աճը՝ նախանշված շեմը չգերազանցելու ու հարկային արտոնությունից չզրկվելու համար։
Խորհրդատվությունը ԱԱՀ–ով հարկելով` կխոչընդոտվի ՓՄՁ զարգացումը. ահազանգում է մասնագետը