Գյումրիում ստիպված ենք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել. Պապոյան

Արդյոք դա նշանակում է, որ ՔՊ-ն չի ուզում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ըստ Պապոյանի՝ ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու հարցին։
Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական նախասիրություններից։
«Մի իրավիճակ է առաջացել Գյումրիում, երբ, ցավոք, մեր օրենսդրությունը ոչ բոլոր հարցերին և ոչ բոլոր իրավիճակներին է պատասխանում, ուստի ստիպված ենք նորից նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Ընդ որում, դեռ պետք է օրենսդրական մեկ այլ փոփոխություն արվի, որովհետև այդ հնարավորությունն էլ չկա։ Այսինքն՝ եթե որևէ փոփոխություն չարվի, կստացվի, որ քաղաքը պետք է այդպես առանց կառավարել մնա»,- նշեց Պապոյանը։
Նա հիշեցրեց, որ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու բացարձակ լիազորություն ունի, սակայն իրենք ուզում են նշանակել այն մարդուն, ում գյումրեցիները կցանկանան տեսնել։
Արդյոք դա նշանակում է, որ ՔՊ-ն չի ուզում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ըստ Պապոյանի՝ ոչ։
«Ոչ, չի նշանակում։ Գյումրիում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում այլ ելք չկա»։
Նախընտրական կրքեր Գյումրիում. ի՞նչ մեթոդ է ուզում կիրառել ՔՊ-ն իշխանության գալու համար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները