ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էդուարդ Հակոբյանը, որը ներկայում Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- գրել է Փաշինյանը։
Նշենք, որ Էդուարդ Հակոբյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերին։ Մինչ այդ էլ աշխատել է նույն նախարարությունում՝ մակրոտնտեսական քաղաքականության վարչության կրտսեր մասնագետից մինչև վարչության պետ։
Հակոբյանը տնտեսական գիտությունների թեկնածու է։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում։ Դրան հետևեց պաշտոնանկությունների շարքը։ Պաշտոնից հրաժարվելու դիմում գրեց նաև ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի օգոստոսին։