Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացվում է. նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի եղանակային վատ պայմանների պատճառով չվերթերի չեղարկումները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը բարենպաստ եղանակ է պահանջում, այլապես թռիչքը կչեղարկվի։ Այժմ արդեն տեղադրվել են ամպերի ստորին շերտի բարձրությունը չափող սարքավորումներ, իսկ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի մասնագետները մոնտաժում են VOR/DME ռադիոփարոսը», - նշեց Վարդանյանը։
«Սյունիքը» Հայաստանի երրորդ քաղաքացիական օդանավակայանն է, որը IATA կոդ է ստացել: Այս պահին օդանավակայանը շաբաթական երեք չվերթ է սպասարկում է (Երևան-Կապան-Երևան երթուղով)։ Սակայն ենթակառուցվածքը թույլ է տալիս թռիչքների հաճախականությունը հասցնել օրական հինգի:
Արդիականացումը նաև պայմաններ կստեղծի, որ օդանավակայանն անցում կատարի միջազգային մակարդակի։ Վարդանյանը պարզաբանեց, որ օդանավակայանի նախագծման ժամանակ ի սկզբանե դրվել է միջազգային չվերթեր ընդունելու հնարավորությունը։ Հիմա ենթակառուցվածքը համապատասխանում է անհրաժեշտ ստանդարտների մեծ մասին, իսկ նման չվերթերի սպասարկման համար ապագայում նախատեսվում է կազմակերպել սահմանային և մաքսային հսկողություն։
Այսօր օդանավակայանն ունի 40 աշխատակից, սակայն նոր մակարդակի անցնելուց հետո աշխատակազմը կընդլայնվի։
«Սյունիք» օդանավակայանը կառուցվել է 1972 թվականին, ամբողջությամբ վերակառուցվել 2017-20 թվականներին։ Երևանի հետ կանոնավոր հաղորդակցությունը սկսվեց 2023 թվականի օգոստոսի 21-ից։ Թռիչքներն իրականացվում են 17 ուղևորի համար նախատեսված L-410–UVP E20 ինքնաթիռով երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից՝ ժամը 10: 00-ին, Կապանից՝ ժամը 12:00-ին: Տոմսի արժեքը 20 հազար դրամ է։