ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր առավոտյան հարված են հասցրել Բեյրութի կենտրոնական շրջանում գտնվող բնակելի տան ուղղությամբ: Զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 23 – ը։ Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական կործանիչներն առնվազն 4 հրթիռ են արձակել շենքի ուղղությամբ: Նշվում էր, որ հարվածի հետևանքով փլուզվել է 8–հարկանի շենք։ Իսրայելական բանակը շրջանի բնակիչներին չի զգուշացրել պատրաստվող հարվածի մասին։
«Բեյրութի Բաստա ալ–Ֆաուկա շրջանի վրա իսրայելական հարձակման հետևանքով, նախնական հաշվարկներով, զոհվել է չորս մարդ, ևս 23 – ը վիրավորվել են, փլատակներում որոնումները շարունակվում են», – ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, իսրայելական օդուժը գիշերը հարվածներ է հասցրել նաև Բեյրութի հարավային արվարձանի մի քանի շրջանների: Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը: