Պիստակի այգիներ՝ Հայաստանի հարավում. սյունեցիներին ոգեշնչել է Խաչատուր Գևորգյանի օրինակը

Այս տարի Խաչատուր Գևորգյանի այգուց Երևանի խանութներ է հասել մոտ 25 տոննա պիստակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Գործարար Խաչատուր Գևորգյանի օրինակը Մեղրիի բնակիչներին ոգեշնչել է պիստակի այգիներ հիմնել:
Գևորգյանը մի քանի տարի առաջ Ռուսաստանից վերադարձել է հայրենի Ագարակ և որոշել ներդրումներ կատարել գյուղատնտեսության մեջ։ Պիստակի այգին նա հիմնել է Իրանի սահմանի մոտ՝ գրեթե հինգ հեկտար լքված հողում։ Հինգ տարի առաջ նա դեռ սպասում էր բերքին, հիմա մի քանի տարվա աշխատանքը սկսել է եկամուտ բերել։ Չորորդ տարին է, որ բերք է հավաքում, այս տարի՝ 24 տոննա։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան Հայաստանը ներմուծում է 450-500 տոննա պիստակ, ապա նույնիսկ ներքին շուկայում ծավալվելու և ներմուծմանը փոխարինելու տեղ կա։ Երևանում նրա ապրանքն արդեն գնում են և սուպերմարկետների ցանցերը, և սիրիահայերի փոքր խանութները։
Մեղրիի «համեղ այցեքարտերին»՝ խուրմային, թզին ու նռանը, կամաց-կամաց ավելանում է կիվին, իսկ հիմա՝ պիստակը։ Տեսնելով, որ Խաչատուրի գործը լավ է ընթանում, ծանոթները վարակվեցին նրա օրինակով։ Ճիշտ է, Հայաստանում քչերը գիտեն, թե ինչպես են պիստակ աճեցնում։ Ինքը՝ Խաչատուրը, ժամանակին Իրանից էր մասնագետներ հրավիրում, իսկ հիմա ինքն է փորձով կիսվում հայրենակիցների հետ։
«Ընկերներս Ալվանք գյուղում այգիներ են հիմնել, մի քանի նոր այգի էլ կա, բավականին մեծ»,-հավելեց նա:
Նրա խոսքով՝ կարևորը ոռոգման հարցը լուծելն է։ Մեղրիում ոռոգման ջրի պակաս չկա, բայց ավելորդ ջուր էլ չկա։ Այդ պատճառով Խաչատուրը կաթիլային ոռոգում է անցկացրել, և ամեն դեպքում արտեզյան հորատանցք է փորել։
«Իհարկե, պիստակի ծառերը չոր եղանակից չեն վախենում, նույնիսկ առանց ջրելու չեն չորանա, բայց այդ դեպքում նորմալ բերք էլ չեն տա»,-նշում է Խաչատուրը:
Տուլացի վարպետ, հայ սպա․ Անդրանիկ Մարգարյանի համար անհնար ոչինչ չկա
Հիմա նրա ապրանքը վաճառվում է երևանի խանութներում՝ իրանական և ամերիկյան պիստակի կողքին (այս երկու երկրները պիստակի խոշորագույն արտադրողներն են աշխարհում)։ Նրանց հետ, Խաչատուրի խոսքով, կարելի է մրցակցել. չնայած արտադրության հսկայական ծավալներին, դրանց գինը որոշակի մակարդակից չի իջնում։
Օրինակ՝ Իրանն աշխարհում պիստակ արտադրող երկրորդ(ԱՄՆ-ից հետո) երկիրն է (մինչև 200 և ավելի հազար տոննա տարեկան), սակայն դրանց գինը մեկ կիլոգրամի դիմաց 8 դոլարից ցած չի իջնում, իսկ մաքսազերծման և Երևան առաքման հետ հասնում է 11-12 դոլարի։ Գևորգյանի խոսքով՝ ինքը կարող է առևտրային ցանցերին վաճառել ավելի ցածր գնով։
«Չնայած մյուս կողմից՝ իմ այգին օրգանական է, հավաստագիր էլ ունեմ։ Իհարկե, ես կուզենայի դրա հաշվին մի քիչ թանկ վաճառել, ուղղակի Հայաստանում ո՞վ է գնելու»,- ասում է Գևորգյանը։
Ներկայումս գործարարի մոտ աշխատում է մեկ մարդ, հետագայում աշխատատեղերը կարող են նաև ավելանալ, քանի որ Խաչատուրը մտադիր է սեփական ապրանքանիշով փաթեթավորում կազմակերպել։