ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծման փորձը ՀՀ։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ թմրամիջոցը փորձելու են Հայաստան ներմուծել Բրազիլիայից օդային ճանապարհով, և ՊԵԿ աշխատակիցները պարզել են այդ անձի հնարավոր ինքնությունը։
«Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։ Քաղաքացին տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրա մարմնից դուրս է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ»,– ասված է հաղորդագրությունում։
«Արմենիա» ԲԿ–ից Ջ․Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ՀՀ տարածքում հիշյալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց պարզելու նպատակով իրականացվելու են տարբեր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Այսպիսով, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի:
ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածների (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։
Դատարանի որոշումների համաձայն 3 քաղաքացին էլ կալանավորվել են։