ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին երեկ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե` կաշառքի գործով։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Ահագին ժամանակ է այդ վարույթը գնում է, ինչ–որ մանր եղջերավոր անասունների գործով։ Ես վկայի կարգավիճակում եմ»,–ասաց պատգամավորը՝ ներկայացնելով մանրամասները։
Նա չի կարծում, թե առաջիկայում իրեն մեղադրանք առաջադրվի։
Ինչ վերաբերում է մամուլում տարածված լուրերին, թե նա շուտով մանդատը վայր է դնելու` Հովիկ Աղազայանը հիշեցրեց, որ կարգապահական վարույթ է հարուցվել ու դրա քննությունից հետո միայն կպարզվի ամեն ինչ։
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ նրա դեմ ցուցմունք տված անձիք՝ Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը առերեսման ժամանակ պնդել են, որ Աղազարյանը կաշառք է ուզել իրենցից։
Նշենք, որ բացի այս կոռուպցիոն գործից, Հովիկ Աղազարյանը սկանդալի կենտրոնում էր հայտնվել հոկտեմբերի 15-ին խորհրդարանում կայացած լսումների ժամանակ, որտեղ նրա վեճը քննչական կոմիտեի այժմ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ քիչ էր մնում վերաճեր ծեծկռտուքի: Պատգամավորը Քյարամյանին մեղադրել էր գործարարների վրա ճնշում գործադրելու մեջ։ Ի պատասխան՝ ՔԿ նախագահն ասել էր, որ Աղազարյանի որդու որոշ արաքների համար իրեն երկու անգամ խնդրել են միջամտել, և այստեղ կոռուպցիայի տարր կա:
Լսումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցվել է կարգապահական վարույթ։