ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ու ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը։ Փաստաթղթերը հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում։
Նշվում է, որ նախագահը հիմք է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Իսկ կառավարության այսօրվա որոշմամբ Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցները գրեցին, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 18-ին ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ազատման դիմումներ են գրել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։