Ստալինյան կադրային քաղաքականությունն է. Աշոտյանը` ՀՀ–ում հրաժարականների մասին

Հայաստանի Հանրապետությունում մեկ օրում միանգամից 6 պաշտոնյա հրաժարականի դիմում ներկայացրեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած փոփոխությունները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հիշեցնում են ստալինյան կադրային քաղաքականությունը։ Այս մասին Աշոտյանն ասաց Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով երկրում մեկ օրում 6 պաշտոնյայի հրաժարականին։
Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Դրան հետևեցին պաշտոնանկությունները։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրեց, որ հրաժարական է տալիս` առանց խոսելու խորքային պատճառների մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ազատման դիմումներ են գրել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Արմեն Աշոտյանը պատմական զուգահեռ արեց` նշելով, որ ոչ մի բռնապետ մարդկային պատմության ընթացքում կադրային որոշումները չի պայմանավորել ավելի լավ ու արդար կառավարում իրականացնելու սկզբունքով։
«Օրինակ` Ստալինը երբ ռեպրեսիաներ էր իրականացնում, օգտագործեց Յագոդային, նրան НКВД-ից (ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմ, – խմբ.) հանեց, գնդակահարեց, հետո նրա փոխարեն նշանակեց Եժովին, իրեն էլ օգտագործեց, գնդակահարեց, հետո դրեց Բերիային։ Նրան էլ հանեցին, գնդակահարեցին, բայց իշխանափոխությունից հետո։ Սրանք պատմական զուգահեռներ են, ինչն ապացուցում է, որ բռնապետական իրավական համակարգում դրական սպասումներ չի կարելի ակնկալել։ Բռնապետը նաև երբեք չի բավարարվում եղածով»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Նա վստահեցրեց, որ իրավական համակարգերը շարունակելու են հլու –հնազանդ կատարել գործադիրի ղեկավարի պահանջները և լրագրողներին խնդրեց պաշտոնանկ արված պաշտոնյաներին «նախկին» չասել։
«Էդ «գյոզալական» բառը մի օգտագործեք էդ մարդկանց հանդեպ, նրանք ի՞նչ նախկին։ Նախկին են այն մարդիկ, որոնք իրենց բոլոր սխալներով հանդերձ պետություն են շենացրել, Արցախ են պահել ու Հայաստան են ուժեղացրել, բանակ են ստեղծել։ Պաշտոնանկ արված մարդկանց մեջ «նախկին» չկա»,– նշեց Աշոտյանը։
Նշենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 3 ամսով` մինչև 2025 թվականի մարտի 11-ը ներառյալ։