Վրաստանում ընդդիմադիր պատգամավորը սև ներկ է լցրել ԿԸՀ նախագահի վրա

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը քաշքշուկով է սկսվել։
Sputnik
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը տարօրինակ ձևով է սկսվել. ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Կիրտաձեն սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավար Գեորգի Կալանդարիշվիլիի վրա, ինչից հետո քաշքշուկ է սկսվել: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Նիստը ստիպված են եղել ընդհատել։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 11:00-ին նիստ էր նշանակել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելու համար: Նիստին զուգահեռ ԿԸՀ շենքի մոտ բողոքի են դուրս եկել ընդդիմության կողմնակիցները, որոնք պնդում են, որ ընտրակեղծիքներ են եղել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ` նույնականացման և ձայները հաշվարկող սարքերով։ Նույնականացման սարքով ստուգում էին անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ձայները հաշվարկող սարքի մեջ տեղադրում քվեաթերթիկը։
Հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում հաղթեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը` հավաքելով քվեների 53,93%-ը: Այս արդյունքները հրաժարվեցին ճանաչել խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր չորս ուժերը, նրանց աջակցող ՀԿ–ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Երկրի նախագահը հայտարարեց, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, և դրա համար ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվել։ Ավելի ուշ նախագահը խոսեց «հայկական կարուսելի» մասին (ըստ նրա պարզաբանման` այդ հասկացության տակ Վրաստանում նկատի ունեն այն մեխանիզմը, որի դեպքում նույն մարդիկ մի քանի անգամ քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում. խմբ.):
Իշխանությունները բոլոր մեղադրանքներն ապատեղեկատվություն են որակում։ «Վրացական երազանքի» առաջնորդներն ամեն օր ճեպազրույցներ են անցկացնում և մեկնաբանում յուրաքանչյուր մեղադրանք։ Խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլին վստահեցրել է, որ ընտրակեղծիքների վերաբերյալ ապացույցները կեղծված են։