ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբեր – Sputnik. «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն։ Նա ստացավ 239 միավոր։
Հայաստանի պատվիրակ 10-ամյա Լեոն իր «Cosmic friend» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։
Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանին 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Վրաստանը: Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվեց Վրաստանին:
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի կանոնները չեն պահանջում, որ հաղթող երկիրը հյուրընկալի մրցույթը, նա նաև հրաժարվելու իրավունք ունի։ Անցած տարի մրցույթում հաղթել էր Ֆրանսիան, բայց այս տարի երաժշտական մրցույթն անցկացվեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Շոուն այս տարի կրում էր «Ծաղկենք» խորագիրը։
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։
Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021 թ–ին։