ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը որոշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հարկադրաբար ներկայացնել հաջորդ նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք չեն ներկայացել այսօրվա նիստին։ Պաշտպանների խոսքով` պատճառն այն է, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։
Սարգիս Պետրոսյանը մինչ որոշումը կայացնելն ընդգծեց, որ գործով անցնողները պատշաճ կերպով ծանուցված են եղել դատական նիստի ժամկետների մասին, սակայն չեն ներկայացել։ Դատարանը Օհանյանի, Խաչատուրովի և Քոչարյանի չներկայանալը համարեց ոչ հարգելի։
«Դատարանն արձանագրում է, որ նիստերին ներկայանալը պարտականություն է։ Դատարանը որոշեց քրեական գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` կայանալիք հերթական դատական նիստին նրանց մասնակցությունն ապահովելու համար։ Որոշման կատարումը հանձնարարվում է ՀՀ ոստիկանապետին»,– ասաց Պետրոսյանը։
Փաստաբան Արամ Օրբելյանն ի պատասխան շեշտեց, որ դատարանը պատգամավորին ազատազրկելու որոշում կայացրեց, իսկ Պետրոսյանն ընդգծեց` որևէ առարկություն, դիրքորոշում, հայտարարություններ ներկայացնելու փուլ այլևս չի քննարկվում։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։