ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները Red Eagles և ՖԱՖ շարուժումները միասնական երթ–ակցիա են իրականացնում` պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Ակցիան, որն իրականացվում է Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան–Ֆրարերյան կղզիներ հանդիպմանն ընդառաջ, մեկնարկել է Սախարովի հրապարակում և կավարտվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Երթի մասնակիցները ձեռքերում պահում են մեծ պաստառներ` «Հրաժարականն անխուսափելի է» գրառմամբ, և քայլում նույնը վանկարկելով` հրաժարականն անխուսափելի է, հեռացի՛ր։
Նշենք, որ Red Eagles և ՖԱՖ շարուժումների անդամները երգեցին ՀՀ օրհներգը` ի աջակցությունը Հայաստանի ազգային հավաքականի, ապա լուսային կարմիր ծխագլաններ վառեցին։
Հայաստան–Ֆարերյան կղզիներ հանդիպումը մեկնարկելու է ժամը 21:00-ին։
Հիշեցնենք, որ «Ուրարտու», «Փյունիկ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Արդեն տևական ժամանակ է նաև «ՖԱՖ» և «Red eagles» ֆան–շարժումներն էլ ակցիաներ են իրականացնում ֆուտբոլային տարբեր խաղերի ժամանակ` նույնպես պահանջելով Մելիքբեկյանի հրաժարականը։
Ֆուտբոլային 4 ակումբ էլ` «Արարատ», «Ալաշկերտ», «Սյունիք» և «Վեստ Արմենիա», իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ՀՖՖ նախագահին։ Նրանք բոլորը 2023 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում իրենք սատարել են ՀՖՖ գործող նախագահին և քվեարկել նրա օգտին։
«Նոա» ֆուտբոլային ակումբն իր հերթին կոչ է արել հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։