ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վստահ է, որ չի կարելի կես ճանապարհին սահմանափակել Հայաստան էլեկտրական մեքենաների ներկրման արտոնությունները։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ–ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Փոխադարձ համաձայնությամբ ԵԱՏՄ երկրները կարող են թույլատրել էլեկտրամոբիլների անմաքս ներմուծում համաձայնեցված քվոտաների շրջանակներում։ Հայաստանի համար 2025 թվականին քվոտան պահպանվել է այս տարվա մակարդակով (8 հազար)։ Սակայն Թորոսյանը նշեց, որ ՊԵԿ-ը նախօրեին հայտարարել էր, որ հնարավոր է` 2025 թվականից կառավարությունը այս արտոնությունը ուժի մեջ թողնի միայն մինչև 3 տարեկան մեքենաների համար։
«Մենք չպետք է անկանխատեսելի պայմաններ ստեղծենք այն քաղաքացիների համար, որոնք ամիսներ առաջ են ծրագրում ներմուծումը»,- հավելեց Թորոսյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
Նրա փաստարկին (այն մասին, որ իշխանությունները ցանկանում են խթանել նոր մեքենաների ներկրումը, որպեսզի Հայաստանը չվերածեն ավտոգերեզմանոցի), Թորոսյանն առարկեց, որ էլեկտրամոբիլների արտադրողներից շատերը մարտկոցների համար 8 տարվա երաշխիք են տալիս, ուստի 3 տարուց մեծ մեքենաները չի կարելի համարել այնքան հին, որ բարձրացվի վերամշակման խնդիրը։
Դրան ի պատասխան նախարարն ասաց, որ ֆինանսների նախարարությունը վերլուծում է դրական և բացասական կողմերը` կապված էլեկտրամոբիլների արտոնությունների հետ, և առաջիկայում կներկայացնի դրանք օրենսդիրներին։
Նշենք, որ Հայաստանում այս տարվա արտոնյալ քվոտան ժամկետից շուտ էր սպառվել (հոկտեմբերի կեսերին)։ Մինչև տարեվերջ էլեկտրամոբիլները կներմուծվեն եվրասիական մաքսային սակագնի(15%) վճարման պայմանով, սակայն նախկինի պես կազատվեն ԱԱՀ-ից (արդեն ոչ թե ԵԱՏՄ–ի, այլ Հայաստանի օրենսդրության համաձայն)։