ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Բաքվում ընթացող COP–29 կլիմաական գագաթնաժողովին Հայաստանի պատվիրակության չմասնակցելը հնարավորության բացթողում է։
Նա հայտարարել է, որ մինչև 2024 թվականի վերջ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանի դիրքորոշումից։
«Խաղաղության պայմանագրի հիմնական դրույթները Հայաստանի հետ համաձայնեցված են, բայց դեռ հարցեր կան, որոնք պետք է համաձայնեցնել։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարվա վերջ կախված է Հայաստանից»,– լրագրողներին ասել է Բայրամովը։
Ավելի վաղ համաժողովին Հայաստանի չմասնակցելու հանգամանքին արձագանքել էր նաև Իլհամ Ալիևը՝ ասելով, որ Ադրբեջանը հրավեր է ուղարկել մասնակցելու ՄԱԿ–ի կլիմայի 29-րդ գագաթնաժողովին, իսկ մասնակցել–չմասնակցելու հարցն արդեն Երևանն է որոշում:
Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակումներ են եղել այն մասին, որ Երևանը գագաթաժողովին իր մասնակցությունը պայմանավորում է Բաքվի բանտերից հայ գերիների ազատ արձակմամբ: Պաշտոնյաները դա չէին հաստատում, սակայն ճեպազրույցներից մեկի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ եթե COP–29-ին Հայաստանի մասնակցության հարցը կապվի գերիների վերադարձի կամ որևէ այլ դրական որոշման հետ, ապա անպայման պետք է մասնակցել։ Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերին Կազանում ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են գերիների հարցը։
Նշենք, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն Ադրբեջանին է ուղարկել օգոստոսի վերջին։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 16 հոդվածից 13-ը համաձայնեցված է. Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Իլհամ Ալիևն իր հերթին սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից։