Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված են հասցրել Գորլովկայի կենտրոնին։ Բնակելի շենքին արկի ուղիղ հարվածի հետևանքով տուժել է Ձերժինսկից տեղափոխված մի փախստական, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ականատեսի խոսքին։
Բեկորների ցրվածությունից և արյան հետքերից դատելով` արկի պայթյունի պահին տղամարդը պառկած է եղել մահճակալին: Բազմաթիվ բեկորներ ընկել են սենյակում, ինչի հետևանքով նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Բացի այդ, տարբեր վնասներ են կրել մոտ 20 բնակարան։
Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչության հաղորդագրության համաձայն` անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ութ անգամ գնդակոծել են հանրապետության տարածքը` արձակելով 24 միավոր տարբեր զինամթերք։ Վնասվել են երկու բնակելի տնային շինություն և քաղաքացիական ենթակառուցվածքի մեկ օբյեկտ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից մեկն է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։