ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել հատուկ կահավորված 22 մեքենա՝ ձերբակալվածների տեղափոխման համար։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարության նոր մեքենաները
Նշվում է, որ այս մեքենաները տրամադրվելու են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթանում են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին
ՆԳՆ-ից հայտնում են, որ ձեռք բերված 22 հատուկ տրանսպորտային միջոցներից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոմեքենան
«Մեքենաներում կա միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով։ Հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթացել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթանում են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին
Նշվում է նաև, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով:
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մեքենաներն արդեն գործարկվում են՝ ապահովելով ձերբակալված ու կալանավորված անձանց միջազգային ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ տեղափոխում։