ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանը պետք է հստակ սահմանի, թե տնտեսության որ ոլորտի վրա է առավել նպատակահարմար կենտրոնացնել ջանքերը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Եվրամիության և ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցություն ակնկալել։ Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու Յուրի Յուդենկովը։
«Պետք է հստակ որոշել, թե երկիրը որ ուղղությամբ կարող է զարգանալ, և այդ ժամանակ Եվրամիություն էլ կլինի, Ամերիկա էլ կլինի, մնացած ամեն ինչ էլ կլինի։ Այդ ժամանակ Հայաստանի հարցում շահարգրգռված կլինեն ոչ թե որպես քարտեզի վրա ինչ-որ կետի, այլ որպես ինչ-որ բան անող երկրի»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ բավական է նայել քարտեզին, Հայաստանի ունեցած տրանսպորտային հոսքերին, տեսնել, թե նա արդեն ինչ ունի և ինչ կարող է տալ իր հարևաններին: Նոր կապեր հաստատելը, նոր լոգիստիկան, ուղիների հստակեցումը ժամանակ և ծախսեր են պահանջում։ Նա չի բացառում, որ եղածին զուգահեռ Հայաստանը կարող է փորձել ընդլայնել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Սակայն առայժմ, Յուդենկովի խոսքով, չեն երևում ո՛չ արևմտյան մատակարարներ, ո՛չ գնորդներ։ Երբ այդ ամենը արձանագրվի, ապա, փորձագետի կարծիքով, գուցե և աշխատի։
«Ցանկացած երկիր, պատասխանելով մեր ժամանակների մարտահրավերներին, պետք է իր պատասխանները փնտրի։ Հայաստանի մասին առայժմ չեմ կարող ասել, թե նա գտել է իր ճանապարհը, և որ նա հենց իր սեփական ուղին է փնտրում։ Ոչ ոք չէր ասել, չէ՞, «էլեկտրատեխնիկա, արևային էներգետիկա կփորձենք»։ Հայաստանում շատ բան է փակվել, այն, ինչն օգնում էր ռեսուրսային հիմք ապահովել։ Իսկ եթե դուք ռեսուրսային հիմք չունեք և գիտատեխնիկական առաջարկներ չունեք, ապա խոսել այն մասին, թե ա՛յ մենք հիմա ընկերություն կանենք Եվրամիության հետ և ամեն ինչ լավ կլինի։ Իմ կարծիքով` դա փակուղի է,-վստահ է Sputnik-ի զրուցակիցը։
Նա նշում է, որ Եվրոպան հիմա սեփական «դարդերն» ունի և ինչ-որ նոր ալիքներով զբաղվելու ժամանակ առանձնապես չունի։ Առավել ևս, որ Հայաստանը Եվրոպայի համար հեռավոր երկիր է, որի համար ստիպված են լինելու ռեսուրսներ, մասնագետներ հատկացնել։ Եվ դա այն ֆոնին, երբ ԵՄ ղեկավարությունն անկեղծորեն ցուցադրում է իր բարեկամությունը Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։
«Տեսեք, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն իրականում մի քիչ առանձնահատուկ կին է։ Նկատի ունեմ՝ շատ յուրահատուկ է այն առումով, թե ինչպես և ում հետ է բարեկամանում: Կես տարի առաջ հայտնվեցին նրա` Ադրբեջանի առաջնորդի հետ գրկախառնված լուսանկարները։ Եվ դա ցույց է տալիս, որ Եվրոպային ավելի հետաքրքիր է Բաքվի գազը, քան առասպելական կամ ոչ այնքան շոշափելի ապրանքային հոսքերը Հայաստանից»,-նկատում է Յուդենկովը։
Մինչդեռ, զուտ տնտեսապես, հարևան երկրների հետ բարեկամությունը նախ ավանդական է, երկրորդ՝ միշտ բավականին կայուն է։ Եվ եթե թվերին նայենք, ապա Հայաստանի տնտեսությունը ավելի քան 75 տոկոսով կախված է Ռուսաստանից։