Տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը․ Գալյանը՝ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին

Արդարադատության նորանշանակ նախարարը կարծում է, որ Հայաստանում քաղբանտարկյալկներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի համար իր թեկնածության առաջադրումը սպասելի չէր, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել է և տվել իր գիտակցված համաձայնությունը։ Այս մասին նա ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե այսպիսով նաև քաղաքական պատասխանատվություն է ստանձնում և ՔՊ-ի, այսպես ասած, բոլոր նախկին մեղքերն ինչ-որ առումով նաև իր ուսերին են դրվելու, նշեց՝ այդ բեռը նոր չէ։
«Ես նախկինում այդ բեռն արդեն ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, և այդ պատասխանատվության գիտակցումն է նաև պայմանավորել իմ համաձայնությունը»,- նշեց նորանշանակ նախարարը։
Լրագրողը հարց ուղղեց նախարարին՝ արդյոք կիսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ամբողջությամբ։ Գալյանը շեշտեց՝ եթե չկիսեր, այստեղ չէր լինի։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք մտավախություն չունի՞, որ մի օր էլ ՔՊ-ն իր աշխատանքից դժգոհ կլինի, և պատգամավորները նաև իր դեմ ստորագրահավաք կնախաձեռնեն, Գալյանը նշեց՝ գործադիր մարմնում աշխատող մարդու գործը աշխատելն է, մտավախություններ ունենալը տեղին չէ։
Հիշեցնենք` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք էր սկսվել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 1-ին Մինասյանը հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից, իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահը ստորագրեց համապատասխան որոշումը։
Դրանից հետո սկսվեց նախարարի թեկնածուի փնտրտուքը։
Թեկնածուների թվում էին ՔՊ–ական պատգամավորներ Արփի Դավոյանն ու Արմեն Խաչատրյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Սրբուհի Գալյանը։