Էլեկտրատեխնիկայի ոլորտում 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտվել. ՊԵԿ

Նախնական հաշվարկով` պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն։
Ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին գործարարների մասնակցելը չի կաշկանդում ՊԵԿ-ին․ Բադասյան
Ներքին հաշվապահական փաստաթղթերի հետազոտման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։
«Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։
Ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի անօրինական ներմուծման փորձ է կանխվել. ՊԵԿ