ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ «Բալասանյան» դաշինքի անդամները քաղաքականությունից ուզել են դուրս գալ, դրա համար վայր են դրել մանդատները։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ վստահեցնելով, որ ընթացող իրավական գործընթացները քաղաքականի հետ կապ չունեն։
Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Գրեթե միաժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալելու որոշում կա նաև Սամվել Բալասանյանի մասով։
Եվ չնայած Բալասանյան ընտանիքի անդամների ձերբակալությունները համընկան «Բալասանյան դաշինքի» անդամների` քաղաքականությունից դուրս գալու «ցանկության» հետ, Շիրակի մարզպետը հավատացնում է` դրանք իրարից անկախ գործընթացներ են։
«Էնտեղ իրավական համակարգի տիրույթում է գործընթացը, իսկ էստեղ քաղաքական պրոցես է. իրենք ընդհանրապես ցանկացել են դուրս գալ քաղաքականությունից»,- ասաց մարզպետը։
Նրա խոսքով՝ թեպետ այս պահին Գյումրին համայնքապետ չունի, բայց քաղաքն անկառավարելի չէ։
Լրագրողի դիտարկմանը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Շիրակում բարձր վարկանիշ չունի, Մուրադյանն արձագանքեց՝ ՔՊ-ի վարկանիշը բավականաչափ բարձր է, ՔՊ-ի թեկնածուին էլ Գյումրիում սիրում, հարգում են։
Հիշեցնենք` 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։
Հավելենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրու քաղաքապետի հրաժարականի հարցը քննարկվում էր դեռ ամիսներ առաջ, քանի որ իշխող կուսակցությունը ուզում է միանձնյա ղեկավարել քաղաքը ու դրա համար ցանկանում էր գնալ արտահերթ ընտրությունների. ՔՊ-ն իր թեկնածուն ունի՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Սարուխանյանը ծնվել է 1986թ. օգոստոսի 20-ին Գյումրիում: 2018 թվականից զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը, իսկ 2021 թվականից ՔՊ–ական պատգամավոր է։