Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցում հիմնական խնդիրը ոչ թե դրա հզորությունն է, այլ Հայաստանի ունեցած ենթակառուցվածքները։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նման տեսակետ է հայտնել էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։
Նրա դիտարկմամբ` նոր ատոմային կայանի արտադրական հզորությունների մասին խոսելիս` հարկավոր է հասկանալ, թե ինչ ենթակառուցվածքային հնարավորություններ ունի Հայաստանը և զարգացման ինչ ռազմավարական սցենարով է առաջնորդվում։ Օրինակ` միտվա՞ծ է էլեկտրաէներգիա արտահանելու, թե՞ ոչ։
Սլովա՞կը պիտի որոշի` ՀՀ–ին ատոմակայն պետք է, թե չէ. Ավետիսյան
Արթուր Ավետիսյանը հիշեցնում է, որ «Հյուսիս–հարավ» նախագծի տրամաբանությամբ ՀՀ–ից արտահանման հիմնական ուղղություններ էին համարվում Իրանը, Վրաստանն ու հեռանկարային կտրվածքով` Ռուսաստանի հարավային շրջանները։ Այսօր արդեն ակտուալ է դարձել նաև Սև ծովի հատակով դեպի ԵՄ երկրներ ատահանման հնարավորություններից օգտվելու տարբերակը։ Բայց դրա համար Հայաստանը շատ քիչ ժամանակ ունի ու շատ մեծ ծավալի աշխատանք կատարելու կարիք։
«Ժամանակացույցի իմաստով պետք է ավարտվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդակցության երրորդ գծի կառուցումը, որը գիտենք` ինչքան է հետաձգվել: Հիմա վերջին հետաձգված ժամկետը մինչև 2028թ–ն է։ Խոսքը Նորավանի ենթակայանի մասին է, առանց որի անհնար է, որ այդ համակարգն աշխատի` անկախ նրանից` լարերն անցկացված կլինեն, թե ոչ։ Իսկ Նորավանի ենթակայանը, ըստ նոր սցենարի, շահագործման է հանձնվելու միայն 2028թ–ին: Այս տրամաբանության մեջ դրանից շուտ դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման եռապատկումն անհնար կլինի։ Դեպի Վրաստան ևս նույն տրամաբանության մեջ նոր գծի կառուցումը դեռ նույնիսկ չի էլ մեկնարկել։ Հետևաբար, խոսել տեսականորեն դեպի ՌԴ և ԵՄ էլեկտրաէներգիա մատակարարելու մասին, անիմաստ է»,– փաստեց փորձագետը։
Արթուր Ավետիսյանի հաշվարկով` եթե վերոհիշյալ բոլոր նախագծերն ու ենթակառուցվածքներն իրականություն դառնան, անգամ 1200 ՄՎտ հզորությամբ կայանը Հայաստանի համար կարող է թույլ լինել։
«Եթե իրականություն դառնա լավագույն լավատեսական սցենարը, Հայաստանը կկարողանա և՛ դեպի Իրան արտահանում իրականացնել, և՛ դեպի Վրաստան, և՛ դեպի ՌԴ, և՛ ԵՄ, որովհետև Սև ծովի հատակով ծրագիրը, որի նկատմամբ շատերը թերահավատ էին, կարծես թե իրականանում է։ Այլ հարց է` Հայաստանը գործնականում գնում է դրան, թե ոչ։ Այն, որ Հայաստանը հիմա փաստացի դրա մաս չէ, միայն քաղաքական պատճառներով է պայմանավորված։ Բայց թղթով` Եվրահանձնաժողովի որոշմամբ, Հայաստանը ծրագրի մեջ կա, ավելին` տարածաշրջանի 3 պետությունների մեջ միակ իրական բենեֆիցիարն է, որովհետև ավելցուկային հզորություններ միայն Հայաստանն ունի Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ, այսինքն` Հայաստանն է տարածաշրջանի միակ իրական մատակարարը»,– պարզաբանեց Ավետիսյանը։
1200 ՄՎտ հզորությամբ կայան կառուցելու հարցով Հայաստանը, փորձագետի ունեցած տեղեկություններով, ժամանակին բանակցել է Իրանի հետ, բայց բանակցությունների արդյունքը պաշտոնական փաստաթղթով չի ֆիքսվել։ Բանավոր պայմանավորվածության համաձայն` իրանական կողմը պատրաստակամություն է հայտել գնել արտադրված էլեկտրաէներգիայի ուղիղ կեսը` 600 ՄՎտ–ն։
Արթուր Ավետիսյանի և մասնագիտական այլ գնահատականներով` Հայաստանի համար լավագույն տարբերակը 600 ՄՎտ հզորությամբ ատոմակայանն է։ Բայց եթե հնարավոր լինի 600 ՄՎտ հզորությամբ երկու ռեակտոր կառուցել, դա կլինի արդեն իդեալական տարբերակ։
Փորձագետը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարության մշակած ու դեռևս շրջանառության մեջ գտնվող Էներգետիկայի մասին նոր օրենքի նախագծով` Հայաստանը կարող է արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 25 տոկոսը զիջել այլ պետության այն դեպքում, երբ գործող օրենքով ԱԷԿ–ը պետք է լինի ՀՀ 100 տոկոսանոց սեփականությունը։
Ավետիսյանը պարզաբանեց, որ օրենքի ընդունման դեպքում ՀՀ–ն կկարողանա, օրինակ, ատոմային երկու ռեակտոր կառուցելու դեպքում դրանցից մեկը հանձնել էլեկտրաէներգիայի պոտենցիալ գնորդ երկրին` այդ կերպ խուսափելով ինչ–որ իրավիճակում ավելցուկային էլեկտրաէներգիա ունենալու խնդրից։ Որովհետև ռեակտորի սեփականատերը շահագրգռված կլինի արտադրված էլեկտրաէներգիան արտահանելու ու սպառելու հարցում։
Արթուր Ավետիսյանը պատմեց նաև, որ մասնակցել է նաև Հայաստանի «Կանաչ տաքսոնոմիա» (Green Taxonomy) բնապահպանական կայուն տնտեսական գործունեության և նախագծերի գնահատման և ստուգման չափորոշիչների մշակման առաջին քննարկմանը, որտեղ նրան զարմացրել է այն հանգամանքը, որ ատոմային էներգետիկան փաստաթղթում ընդգրկված չի եղել։
«Աշխարհի բոլոր Green Taxonomy–ներում ատոմային էներգետիկան կարևոր տեղ է զբաղեցնում։ Սա ինձ հայտնի միակ նախագիծն էր, որտեղ ատոմային էներգետիկան չկար։ Իմ և այլ մասնագետների քննադատությանն ի պատասխան մեզ ասացին` մեր սլովակ փորձագետն ասել է` Հայաստանին ատոմակայան պետք չէ։ Դե, եթե սլովակը պիտի որոշի` ՀՀ–ին ատոմակայն պետք է, թե չէ...»,– ասաց փորձագետը` հավելելով, որ Green Taxonomy փաստաթուղթը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրել է Համաշխարհային բանկին, իսկ ՀԲ–ի ֆինանսավորմամբ դրա մշակմամբ զբաղվում են ՀՀ–ում Ամերիկյան համալսարանի Կանաչ էներգետիկայի կենտրոնի մասնագետները։
Հատկանշական է, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հայտ է ներկայացրել նույն ԱՄՆ–ը որի մասնագետները, փաստորեն, էներգետիկ այդ ճյուղը Հայաստանի համար ավելորդություն են համարում։
Հատկանշական է, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հայտ է ներկայացրել նույն ԱՄՆ–ը որի մասնագետները, փաստորեն, էներգետիկ այդ ճյուղը Հայաստանի համար ավելորդություն են համարում։
Կարող ես Բլինկենի հետ փառահեղ հարաբերություններ ունենալ, բայց դա չի նշանակում, թե ԱՄՆ–ն քեզ մոտ ատոմակայան կկառուցի. Մանվելյան
Էներգետիկ անվտանգության մեկ այլ փորձագետ` Արմեն Մանվելյանը, մոդուլային կայան կառուցելու ամերիկյան կողմի առաջարկին լուրջ չի վերաբերվում` ասելով. «Խոսակցությունները կան, PR-ը կա, աղմուկը կա, պայմանավորվածությունները քաղաքական մակարդակով կան, բայց տնտեսական մակարդակում կան խնդիրներ։ Դու կարող ես ԱՄՆ–ի հետ ունենալ շատ լավ քաղաքական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, թե նրանք կգան, քեզ մոտ ատոմակայան կկառուցեն, որովհետև այնտեղ համակարգերն այլ կերպ են գործում։ Դու կարող ես Բինկենի հետ փառահեղ հարաբերություններ ունենալ, իրենք քեզ ամեն ինչ խոստանան։ Բայց դա չի նշանակում, թե Westing House-ը կամ General Electric–ը կգան քեզ մոտ ատոմակայան կկառուցեն, քանի որ դրանք կապված չեն Պետդեպի հետ, ինչպես շատերին թվում է»։
Ռուսաստանի համակարգը, Արմեն Մանվելյանի դիտարկմամբ, այլ է, այստեղ քաղաքական հարաբերություններն ուղիղ համեմատական են տնտեսականին և կարող են երաշխիք դառնալ ներդրումների, համագործակցությա համար։
«Պետական մարմինները մեզ վրա փորձում են «ծախել» այն տեղեկությունները, թե ունենք լավ հարաբերություններ, փաստաթղթեր ենք ստորագրել, ու հիմա Հայաստանը պետք է ստորագրի ամերիկյան ատոմային տեխնոլոգիաների ներմուծման 123–րդ օրենքը, բայց ես կարող եմ ձեզ համար թվարկել 40-ից ավելի երկրներ, որոնք այդ օրենքը ստորագրել են, բայց այնտեղ ոչ մի ատոմակայան չի կառուցվել։ Դրա համար ռուսական տարբերակն այստեղ լավագույնն է»,– համոզված է փորձագետը։
Նա հավելում է, որ հայ մասնագետներն արդեն մասնագիտացած են ռուսաստանյան տեխնոլոգիաների վրա, և անցումը նոր համակարգին` կնշանակի մասնագիտական ամբողջ կայացած դպրոցի փլուզում։
Բացի այդ, փորձագետն արձանագրում է, որ այսօր աշխարհում միայն երեք երկիր կա, որոնք կարող են Հայաստանի հետ ատոմակայանի կառուցման հարցում համագործակցել. ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան։
Նա նշում է, որ ատոմակայան շատերը կարող են կառուցել ու շատերն ունեին առաջարկներ. Ճապոնիան, Հարավային Կորեան և այլն։ Բայց, որպեսզի ՀՀ–ն կարողանաս արտահանել միջազգային էներգետիկ տեխնոլոգիաները, պետք է դառնա միջազգային միջուկային համակարգերի անդամ, ստորագրի բոլոր միջազգային փաստաթղթերը։
«Բացի այդ, եթե խոսքը նոր ատոմակայանի կառուցման մասին է, դու պետք է ունենաս ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցություն։ Առանց ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցության նոր կայան կառուցել չես կարղ։ Եթե խոսքը նոր ռեակտորի մասին է, այստեղ այլ խնդիր է։ Օրինակ` Մեծամորում կարող է կառուցվել նոր ռեակտոր` առանց ՄԱԳԱՏԷ–ի հետ համաձայնության, որովհետև համակարգը արդեն կա»,–պարզաբանում է փորձագետը։
Թղթաբանական ձևակերպումներից զատ, Արմեն Մանվելյանի գնահատմամբ, նոր ռեակտորի կառուցումը Հայաստանին ձեռնտու է նաև ֆինանսապես։ Նրա խոսքով` եթե ռուսական 1200 ՄՎտ հզորությամբ կայանի արժեքը համաշխարհային շուկայում շուրջ 5.5 մլրդ դոլար է, ապա արևմտյան անալոգային տարբերակներն անհամեմատ ավելի թանկ են։
Հիշեցնենք` Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման երկարացված ժամկետը լրանում է 2026 թվականին։ «Ռոսատոմի» մասնակցությամբ իրականացվող վերազինման շնորհիվ ատոմակայանի անվտանգ շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով` մինչև 2036թ–ն։ Այդ ընթացքում Հայաստանը պետք է ոչ միայն որոշում կայացնի, այլև անհրաժեշտության դեպքում հասցի նոր ատոմային կայան կամ ռեակտոր կառուցել` էներգետիկ ճգնաճամից խուսափելու ու տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու համար։
Ամիսներ առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները մտել են առարկայական փուլ, սակայն այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն հստակեցվել:
Համաձայնագրի ստորագրման համար, նրա խոսքով, Հայաստանը նախ պետք է համապատասխանի ԱՄՆ–ի սահմանած չափանիշներին, ապա նաև միանա ԱՄՆ–ում գործող իրավական կարգավորումներին: