ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Պետական եկամուտների կոմիտեի համար կապ չունի, թե սուբյեկտն ում է պատկանում կամ ում հետ կապ ունի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ՊԵԿ-ը ստուգումներ է արել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքի հետ կապ ունեցող անձին պատկանող ռեստորանում, խախտումներ է արձանագրել, բայց որևէ քայլ չի արել:
«Հարկային վարչարարություն անելիս մեր աչքերը փակ են, մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե որ սուբյեկտը ում հետ կապ ունի, ինչքանով կապ ունի, կապ ունի, թե կապ չունի։ Բացառված է՝ իրավախախտում հայտնաբերվի, որևէ բան չարվի»,- ասաց Բադասյանը։
Նա լրագրողին առաջարկեց ճշտել, թե խոսքը որ սուբյեկտի մասին է, զանգահարել ՊԵԿ, տեղեկացնել, որ տեղեկությունը ստուգվի։
Նրա խոսքով՝ ՊԵԿ ռիսկերի համակարգը աշխատում է ալգորիթմների հիման վրա, համակարգն է ընտրում, թե որ ընկերությունները ստուգվեն:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արամ Արամյանի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցված, իսկ օրեր առաջ նա 1 միլիոն դրամ է վճարել՝ Աննա Հակոբյանի հետ «հաջողակ տղամարդկանց» ընթրիքին մասնակցելու համար։ Բադասյանն ասաց` պետությանը պատճառված վնասը՝ 4,2 միլիարդ գումարը, վերականգնվել է, այդ հիմքով էլ քրեական վարույթը կարճվել է։
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք ՊԵԿ-ը կաշկանդված չէ հետաքննություններ անցկացնել նման միջոցառումներին մասնակցած գործարարների հանդեպ։
«Իհարկե կաշկանդված չենք»,- ասաց Բադասյանը։
Հհիշեցնենք` «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքը, որի մուտքավճարը 1 մլն դրամ էր, կայացել է հոկտեմբերի 31-ին` ժամը 18։00–ին, «Լիվինգսթոն» ռեստորանում, որը պատկանում է գործարար Դավիթ Եփրեմյանին։
Ըթրիքին մասնակցել է 62 գործարար տղամարդ։